Մայրական տագնապ․ ինչպես է այն ազդում երեխայի ուղեղի վրա

Շատ մայրեր մտածում են, որ երեխայի զարգացման վրա ամենաշատը ազդում են ճիշտ դաստիարակությունը, խաղերը կամ կրթությունը։ Բայց նեյրոգիտության հետազոտությունները ցույց են տալիս մեկ շատ կարևոր բան․ երեխայի ուղեղը առաջին հերթին զարգանում է մոր նյարդային համակարգի կողքին։ Երբ մայրը հաճախ լարված է, անհանգիստ կամ վախեցած, երեխան սկսում է այդ լարվածությունը զգալ նույնիսկ առանց բառերի։ Երեխայի ուղեղը դեռ շատ զգայուն է։ Այն մշտապես «կարդում» է ծնողի վիճակը՝ հասկանալու համար՝ աշխարհը անվտանգ է, թե ոչ։ Այդ պատճառով մայրական տագնապը կարող է ազդել երեխայի նյարդային համակարգի զարգացման վրա։

Ինչպե՞ս է ձևավորվում երեխայի ուղեղը կյանքի առաջին տարիներին

Երեխայի ուղեղը ծնվելու պահին դեռ ամբողջությամբ զարգացած չէ։ Կյանքի առաջին տարիները ուղեղի զարգացման ամենաարագ և ամենակարևոր շրջանն են, երբ ձևավորվում են միլիոնավոր նոր նյարդային կապեր։ Այս կապերը ձևավորվում են ոչ միայն գենետիկ գործոնների ազդեցությամբ, այլ նաև այն միջավայրի շնորհիվ, որտեղ երեխան ապրում է։ Երեխայի ուղեղի զարգացումը մեծապես կախված է նրա ամենօրյա փորձառություններից, հուզական անվտանգությունից և այն հարաբերությունից, որը նա ունի իր հիմնական խնամողի՝ սովորաբար մոր հետ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխայի ուղեղը զարգանում է առաջին հերթին հարաբերությունների միջոցով։ Երբ ծնողը զգայուն է երեխայի հույզերի նկատմամբ, արձագանքում է նրա կարիքներին և ստեղծում է անվտանգ միջավայր, երեխայի նյարդային համակարգը սովորում է կարգավորվել և զարգանալ առողջ ձևով։ Այդ հարաբերությունները կարևոր դեր ունեն նաև երեխայի ուշադրության, հիշողության, հուզական կարգավորման և սոցիալական հմտությունների զարգացման մեջ։

Նեյրոգիտնական Daniel Siegel-ը նշում է, որ երեխայի ուղեղը զարգանում է հարաբերությունների մեջ, և ծնողի նյարդային համակարգը դառնում է երեխայի ինքնակարգավորման հիմնական աղբյուրը։ Այլ կերպ ասած՝ երեխայի ուղեղը սովորում է հանգստանալ, կարգավորվել և հասկանալ աշխարհը հենց ծնողի հետ փոխազդեցության միջոցով (Siegel, D., The Developing Mind,

Երեխայի նյարդային համակարգը «կարգավորվում է» ծնողի միջոցով

Փոքր երեխան դեռ չունի լիարժեք զարգացած ինքնակարգավորման կարողություն։ Նա դեռ չի կարող ինքնուրույն հանգստացնել իրեն, երբ վախենում է, լարվում է կամ բարկանում։ Այդ պատճառով կյանքի առաջին տարիներին երեխան մեծապես ապավինում է մեծահասակին՝ հատկապես իր հիմնական խնամողին, սովորաբար մորը, որպես նյարդային համակարգը կարգավորելու աղբյուր։

Այս գործընթացը հոգեբանության և նեյրոգիտության մեջ կոչվում է co-regulation (համակարգավորում)։ Դա նշանակում է, որ երեխայի նյարդային համակարգը աստիճանաբար սովորում է հանգստանալ և վերադառնալ հավասարակշռության՝ ծնողի նյարդային համակարգի միջոցով։

Երբ մայրը հանգիստ է, զգայուն է երեխայի հույզերի նկատմամբ և արձագանքում է նրա կարիքներին, երեխայի նյարդային համակարգը ստանում է անվտանգության ազդակներ և սովորում է կարգավորվել։ Սակայն եթե երեխան հաճախ հանդիպում է լարվածության, անհանգստության կամ անկանխատեսելի արձագանքների, նրա նյարդային համակարգը կարող է սովորել աշխատել մշտական սթրեսի պայմաններում։

Այս պատճառով երեխայի վարքը հաճախ արտացոլում է ոչ միայն նրա բնավորությունը, այլ նաև այն հուզական միջավայրը, որտեղ նա ապրում և զարգանում է։

Ի՞նչ է տեղի ունենում երեխայի ուղեղում, երբ մայրը հաճախ տագնապային է

Երբ երեխան հաճախ զգում է լարված կամ անհանգիստ միջավայր, նրա ուղեղում ակտիվանում է սթրեսի արձագանքի համակարգը։ Այդ համակարգում կարևոր դեր ունի ամիգդալան (amygdala)՝ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է վտանգի հայտնաբերման և արագ արձագանքի համար։

Եթե երեխան երկար ժամանակ ապրում է լարված միջավայրում՝ ամիգդալան կարող է դառնալ ավելի զգայուն և ակտիվ։ Այդ դեպքում երեխայի նյարդային համակարգը սկսում է ավելի արագ արձագանքել ցանկացած փոփոխության կամ դժվար իրավիճակի՝ ընկալելով այն որպես հնարավոր վտանգ։

Այսպիսի իրավիճակներում երեխան կարող է դրսևորել տարբեր վարքային և հուզական արձագանքներ, օրինակ՝ բարձր տագնապ, գրգռվածություն, հաճախակի լաց, ագրեսիվ վարք կամ դժվարություն ինքնակարգավորման մեջ։ Շատ դեպքերում այս վարքը ծնողները կարող են ընկալել որպես անհնազանդություն, սակայն իրականում այն հաճախ կապված է երեխայի նյարդային համակարգի լարվածության հետ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղ մանկության շրջանում երկարատև սթրեսը կարող է ազդել ուղեղի զարգացման վրա և ձևավորել այն ձևը, որով երեխան արձագանքում է աշխարհին ու հարաբերություններին։ Harvard Center on the Developing Child 

Ինչպես է մայրական տագնապը փոխանցվում երեխային

Երեխաները շատ զգայուն են մեծահասակների հուզական վիճակի նկատմամբ։ Նրանք հաճախ զգում են ծնողի լարվածությունը նույնիսկ այն ժամանակ, երբ դրա մասին ոչինչ չի ասվում բառերով։ Երեխայի նյարդային համակարգը մշտապես «կարդում» է ծնողի վիճակը՝ փորձելով հասկանալ՝ աշխարհը անվտանգ է, թե վտանգավոր։

Այս գործընթացում կարևոր դեր ունի ավտոնոմ նյարդային համակարգը, որը կարգավորում է մեր մարմնի սթրեսային և հանգստության արձագանքները։ Այն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ սիմպատիկ նյարդային համակարգը, որը ակտիվանում է վտանգի կամ լարվածության ժամանակ, և պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որը պատասխանատու է հանգստության, վերականգնման և հավասարակշռության համար։

Երբ մայրը գտնվում է տագնապային կամ լարված վիճակում, նրա մարմնում ակտիվանում է սիմպատիկ նյարդային համակարգը․ արագանում է շնչառությունը, ձայնը կարող է դառնալ ավելի կտրուկ, մարմինը՝ լարված։ Երեխան այս ազդակները ընկալում է ոչ միայն բառերով, այլ նաև ոչվերբալ նշանների միջոցով՝ ձայնի տոնից, խոսքի ռիթմից, դեմքի արտահայտությունից, մարմնի դիրքից և շարժումներից։

Եթե ծնողի ձայնը հանգիստ է, դանդաղ և կայուն, իսկ մարմինը թուլացած՝ երեխայի նյարդային համակարգը ստանում է անվտանգության ազդակներ և ակտիվանում է պարասիմպաթիկ համակարգը, որը օգնում է հանգստանալ։ Իսկ երբ ձայնը բարձր է կամ լարված, խոսքի ռիթմը արագ է, իսկ մարմինը՝ սեղմված ու լարված, երեխայի նյարդային համակարգը կարող է ընկալել դա որպես վտանգի նշան։

Նեյրոգիտության մեջ այս զգայունությունը նաև բացատրվում է հայելու նեյրոնների (mirror neurons) համակարգով։ Այս նեյրոնները օգնում են երեխային «կարդալ» ուրիշների հույզերը և ներքինացնել դրանք։ Այդ պատճառով երեխան հաճախ սկսում է զգալ և ապրել այն լարվածությունը, որը ապրում է ծնողը։ Rizzolatti – Mirror Neuron Research

Ինչպես է երկարատև տագնապային միջավայրը ազդում երեխայի ուշադրության և կենտրոնացման վրա

Երբ երեխան երկար ժամանակ ապրում է լարված կամ տագնապային միջավայրում, նրա ուղեղը սկսում է ավելի շատ աշխատել «վտանգը հայտնաբերելու» ռեժիմով։ Այդ դեպքում նյարդային համակարգը հաճախ ակտիվացնում է սթրեսի արձագանքը, և ուղեղի էներգիայի մեծ մասը ուղղվում է շրջապատում հնարավոր վտանգները նկատելուն, ոչ թե սովորելուն կամ կենտրոնանալուն։

Այս իրավիճակում կարող է նվազել ուղեղի մեկ կարևոր հատվածի՝ ճակատային բլթի (prefrontal cortex) արդյունավետ աշխատանքը։ Ճակատային բլիթը պատասխանատու է այնպիսի կարևոր կոգնիտիվ գործառույթների համար, ինչպիսիք են ուշադրությունը, կենտրոնացումը, պլանավորումը, որոշումների կայացումը և իմպուլսների վերահսկումը։

Երբ երեխայի նյարդային համակարգը հաճախ գտնվում է սթրեսի ազդեցության տակ, նրա ուղեղը ավելի դժվար է անցնում հանգիստ և կենտրոնացված վիճակի։ Այդ պատճառով երեխան կարող է դժվարանալ երկար ժամանակ կենտրոնանալ խաղի կամ ուսման վրա, արագ շեղվել կամ դժվարանալ ավարտել սկսած գործողությունները։

Որոշ դեպքերում այսպիսի վարքը կարող է արտաքինից հիշեցնել ուշադրության խնդիրներ, սակայն հաճախ դրա հիմքում ոչ թե երեխայի «ծուլությունն» է, այլ նրա նյարդային համակարգի մշտական լարվածությունը։ Երբ երեխան սկսում է զգալ ավելի անվտանգ և հանգիստ միջավայր, նրա նյարդային համակարգը աստիճանաբար վերադառնում է հավասարակշռության, և ուշադրության ու ինքնակարգավորման կարողությունները նույնպես սկսում են բարելավվել։

Կարևոր է հիշել, որ երեխայի ուղեղը ունի մեծ նեյրոպլաստիկություն, այսինքն՝ այն կարող է փոխվել և զարգանալ նոր փորձառությունների ազդեցությամբ։ Երբ երեխայի կյանքում հայտնվում են անվտանգ հարաբերություններ, հանգիստ շփում և աջակցող միջավայր, նրա ուղեղը սկսում է ավելի հեշտ կարգավորվել, ինչը դրականորեն ազդում է նաև ուշադրության և սովորելու կարողությունների վրա։

Երբ վարքը իրականում օգնության ազդանշան է

Շատ ծնողներ դիմում են հոգեբանի այն ժամանակ, երբ երեխայի վարքը սկսում է դժվարանալ կամ անհանգստացնել։ Նրանք հաճախ նկատում են, որ երեխան չի լսում, բարկանում է, ագրեսիվ է, հաճախ լաց է լինում կամ դժվար է հանգստանում։

Սակայն շատ դեպքերում այսպիսի վարքը պարզապես վատ վարք չէ։ Այն հաճախ երեխայի ներքին լարվածության արտահայտությունն է։ Երբ երեխայի նյարդային համակարգը ծանրաբեռնված է կամ չի կարողանում կարգավորվել, նա փորձում է այդ լարվածությունը դուրս բերել վարքի միջոցով։

Այդ պատճառով կարևոր է հասկանալ, որ երեխան իրականում չի պայքարում ծնողի դեմ։ Նա պայքարում է իր ներսում տեղի ունեցող լարվածության, անհանգստության կամ ուժեղ հույզերի հետ։ Վարքը այդ պահին դառնում է երեխայի միակ հասանելի լեզուն, որով նա փորձում է ցույց տալ, որ իրեն դժվար է։

Երբ մեծահասակները սկսում են տեսնել վարքի հետևում գտնվող զգացողությունները և կարիքները, հնարավոր է ավելի արդյունավետ օգնել երեխային հանգստացնել նյարդային համակարգը և վերականգնել հավասարակշռությունը։

Ի՞նչ կարող է անել մայրը, եթե զգում է տագնապ

Առաջին կարևոր քայլը հասկանալն է, որ մայրական տագնապը բավական տարածված է։ Շատ մայրեր երբեմն զգում են լարվածություն, անհանգստություն կամ ներքին ճնշում։ Դա կարող է կապված լինել մեծ պատասխանատվության զգացման, հոգնածության, աջակցության պակասի կամ սեփական մանկության փորձառությունների հետ, որոնք ակտիվանում են ծնող դառնալու ժամանակ։

Եթե մայրը նկատում է, որ հաճախ գտնվում է տագնապային վիճակում, կարող են օգնել հետևյալ քայլերը․

1. Ճանաչել սեփական հույզերը
Փորձել նկատել և անվանել այն, ինչ զգում եք․ լարվածություն, հոգնածություն, անհանգստություն կամ վախ։ Երբ մենք ճանաչում ենք մեր հույզերը, դրանք ավելի հեշտ են կարգավորվում։

2. Հանգստացնել նյարդային համակարգը
Պարզ տեխնիկաները կարող են օգնել նվազեցնել լարվածությունը․
• դանդաղ և խոր շնչառություն
• մի քանի րոպե դադար և հանգիստ
• մարմնի թուլացում

3. Ուշադրություն դարձնել սեփական ռեսուրսներին
Մայրերը հաճախ ամբողջ ուշադրությունը տալիս են երեխային և մոռանում իրենց մասին։ Կարևոր է ունենալ փոքր ժամանակահատվածներ վերականգնվելու համար՝ հանգիստ, զբոսանք, զրույց մտերիմների հետ։

4. Փնտրել աջակցություն
Զրույցը հոգեբանի հետ կարող է օգնել նվազեցնել ներքին ճնշումը և ավելի լավ հասկանալ սեփական վիճակը։

5. Ստեղծել անվտանգ և հանգիստ հարաբերություն երեխայի հետ
Երբ մայրը ավելի հանգիստ և կարգավորված է, նրա նյարդային համակարգը օգնում է նաև երեխայի նյարդային համակարգին կարգավորվել։

Երբ ծնողը սկսում է աշխատել իր ներքին վիճակի հետ, դա հաճախ դառնում է ամենամեծ նվերը երեխայի ուղեղի և նյարդային համակարգի առողջ զարգացման համար։

Ինչ է «կապվածությունը» (attachment) և ինչու է այն կարևոր

Երեխայի ուղեղի առողջ զարգացման համար կենսական նշանակություն ունի անվտանգ կապվածությունը ծնողի հետ։

Կապվածությունը այն հուզական կապն է, որի միջոցով երեխան սկսում է զգալ, որ աշխարհը անվտանգ է։ Այդ կապի միջոցով երեխան զգում է․

• ես ապահով եմ
• ինձ հասկանում են
• ես մենակ չեմ

Attachment theory-ի հիմնադիր John Bowlby-ն նշում էր, որ անվտանգ կապվածությունը երեխայի հոգեբանական զարգացման հիմքն է։

Երբ երեխան զգում է այդ անվտանգությունը, նրա ուղեղը կարողանում է ավելի լավ զարգացնել մի շարք կարևոր կարողություններ․

• ուշադրությունը
• հիշողությունը
• ուսման կարողությունը
• սոցիալական հմտությունները

Այլ կերպ ասած՝ անվտանգ հարաբերությունը ծնողի հետ դառնում է այն հիմքը, որի վրա կառուցվում է երեխայի հոգեբանական և նյարդաբանական զարգացումը։

Ինչ է համաժամեցումը (co-regulation)

Փոքր երեխաները դեռ չունեն լիարժեք զարգացած ինքնակարգավորման կարողություն։ Նրանք դեռ չեն կարող ինքնուրույն հանգստացնել իրենց ուժեղ հույզերի ժամանակ։

Այդ պատճառով երեխաները սկզբում կարգավորում են իրենց հույզերը ծնողի միջոցով։

Այս գործընթացը կոչվում է համակարգավորում կամ համաժամեցում (co-regulation)։

Երբ ծնողը հանգիստ է, զգայուն է երեխայի հույզերի նկատմամբ և արձագանքում է նրան, երեխայի նյարդային համակարգը աստիճանաբար հանգստանում է։

Այսինքն՝ ծնողի նյարդային համակարգը օգնում է երեխայի նյարդային համակարգին վերադառնալ հավասարակշռության։

Ժամանակի ընթացքում, այս փորձառությունների շնորհիվ, երեխան սովորում է արդեն ինքնուրույն կարգավորել իր հույզերը։

Ինչպե՞ս կարող է ծնողը օգնել երեխային կարգավորել նյարդային համակարգը

Կան մի քանի պարզ քայլեր, որոնք կարող են օգնել երեխայի նյարդային համակարգին հանգստանալ և վերականգնել հավասարակշռությունը։

1. Հանգիստ ներկայություն

Երբ երեխան լարված է, հաճախ ամենակարևորը ոչ թե խոսքերն են, այլ ծնողի հանգիստ ներկայությունը։

Օգնում են նույնիսկ շատ պարզ բաներ․

• դանդաղ և մեղմ խոսել
• լինել երեխայի կողքին
• չշտապել և չավելացնել լարվածությունը

Այսպիսի ներկայությունը օգնում է երեխայի նյարդային համակարգին աստիճանաբար հանգստանալ։

2. Շնչառության կարգավորում

Երեխայի հետ կարելի է միասին անել պարզ շնչառական վարժություններ։

Օրինակ․

• դանդաղ ներշնչել քթով
• դանդաղ արտաշնչել բերանով

Երբ ծնողը և երեխան միասին են կարգավորում շնչառությունը, նյարդային համակարգը սկսում է հանգստանալ։

3. Ֆիզիկական անվտանգություն

Փոքր երեխաների համար շատ կարգավորող է նաև ֆիզիկական անվտանգ շփումը։

Օրինակ․

• գրկելը
• ձեռք բռնելը
• կողքին նստելը

Այսպիսի շփումը ակտիվացնում է նյարդային համակարգի այն համակարգերը, որոնք պատասխանատու են հանգստության և անվտանգության զգացողության համար։

4. Հույզերի անվանումը

Երբ ծնողը օգնում է երեխային հասկանալ իր հույզերը, դա նույնպես օգնում է ուղեղին կարգավորվել։

Օրինակ՝ կարելի է ասել․

«Կարծում եմ դու հիմա շատ բարկացած ես»
«Դու վախեցար այդ պահին»

Նեյրոգիտության մեջ այս գործընթացը հայտնի է որպես “name it to tame it”։

Երբ հույզերը անվանվում են, ուղեղը աստիճանաբար անցնում է ուժեղ հուզական արձագանքից դեպի ավելի կարգավորված վիճակ։

Կարևոր է հիշել

Երեխայի վարքը շատ հաճախ պարզապես նյարդային համակարգի արձագանք է։ Երբ երեխան զգում է անվտանգություն, հասկացվածություն և հանգիստ ներկայություն, նրա ուղեղը սկսում է ավելի լավ կարգավորվել։ Եվ հենց այդ ժամանակ են աստիճանաբար բարելավվում նաև․

• ուշադրությունը
• կենտրոնացումը
• սովորելու կարողությունը
• վարքը

Երեխան ընտանեկան համակարգի մի փոքր մասն է, բայց նրա զգայունությունը միջավայրի հանդեպ շատ մեծ է։ Փոքր երեխաները շատ արագ արձագանքում են ընտանիքի լարվածությանը, ծնողների ներքին վիճակին և հարաբերությունների որակին։ Հանգիստ, ինքնավստահ և հուզականորեն կայուն երեխաներ մեծացնելը մեծապես ծնողի գիտակցության, ուշադրության և ամենօրյա աշխատանքի արդյունք է։

Շատ հաճախ ծնողները փորձում են երկար ժամանակ ինքնուրույն լուծել դժվարությունները։ Սակայն երբեմն հոգեբանական աջակցությունը կարող է օգնել ավելի արագ հասկանալ իրավիճակը և կանխել խնդիրների խորացումը։

Հիշեք, որ ծնողավարումը արվեստ է, որը մեզանից շատերին ոչ ոք չի սովորեցրել։ Բայց այն հնարավոր է սովորել։

Եթե զգում եք, որ

• երեխան հաճախ լարված է կամ ագրեսիվ

• դժվար է կարգավորել հույզերը

• ընտանիքում շատ են կոնֆլիկտները

• ցանկանում եք ավելի վստահ զգալ ծնող լինելու մեջ

կարող եք գրանցվել խորհրդատվության։

Ես աշխատում եմ ծնողների և երեխաների հետ օգնելով

• հասկանալ երեխայի վարքի պատճառները

• կարգավորել հուզական լարվածությունը

• կառուցել ավելի անվտանգ և վստահ հարաբերություն ընտանիքում։

📩 Գրանցվելու համար կարող եք գրել ինձ ինստագրամում @Gayane_Melkumyan_ կամ լրացնել կայքում գտնվող ձևաթուղթը։

1 thought on “Մայրական տագնապ․ ինչպես է այն ազդում երեխայի ուղեղի վրա”

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *